ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն' Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: