Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս ունի, որ ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ, որը կդառնա նոր ձևավորված Կանանց խորհրդի նախագահ:

«Պարոն վարչապետ, ես ձեր հանձնարարականով դարձել եմ Կանանց խորհրդի նախագահ, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել»,- կառավարության նիստում ասաց Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ պետք է լիներ։

«Դե, կին պետք է լիներ։ Հուսով եմ, մենք ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ, ով նաև կլինի Կանանց խորհրդի նախագահ»,- ասաց Ավինյանը։ Իր հերթին՝ վարչապետը կատակով հավելեց. «Ավելի լավ է, տղամարդկանց խորհուրդ ունենանք, կին ղեկավար կնշանակենք»։

Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության այսօրվա նիստում քննարկված բռնության հարցերը քննարկվել են նաև Կանանց խորհրդում և քննարկումների ու հավաքագրված վիճակագրության հիման վրա անհատական փաթեթներ են մշակվելու։ «Թիրախավորված ու փաստերով օրենքների նախագծերի փաթեթներ են մշակվելու իրավիճակը բարելավելու համար»,- ասաց Ավինյանը։