Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Նոր Հայաստանում չեն կարող լինել գործարար պաշտոնյաներ, իրականությունը այսօր այլ է: Իհարկե, նույն ՀՀԿ-ն Փաշինյանի քննադատության տակ էր հայտնվում այն պատճառով, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, ազգ ու տակով բիզնեսմեններ էին, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է առանձնացվեն իրարից: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը մոռացավ այդ սկզբունքի իմպլեմենտացիայի մասին և այժմ հենց իր կադրերը, կամ իր կողմից նշանակված պաշտոնյաներն են լծվել գործարարությանը:

Դիցուք, բերենք մի քանի օրինակներ, որ Նոր Հայաստանում էլ կարելի է գտնել գործարար պաշտոնյաների: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրենն է։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։ Առհասարակ, հարկայինում, հարկայինի աշխատակիցների մոտ ընդունված է հաշվապահական ընկերություններ բացել և իրենց ընկերություններով տնտեսվարողների հարցերը լուծել հարկայինի հետ, որ համ գայլերը կուշտ լինեն, համ գառները ողջ մնան։ Նման հաշվապահական ընկերություն ունի նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Մեկ այլ օրինակ է «Իմ քայլ»-ի պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Աժ-ում զբաղվում է միայն ու միայն իր բիզնեսի շահերի լոբբինգով, իսկ այդ բիզնես շահերը վերաբերվում են ռազմաարդյունաբերության ոլորտին: Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է:

Իհարկե, վերոնշյալ բիզնեսների եկամտաբերության հետ չես համեմատի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բիզնեսը՝ շաուրմայանոցը և Լոռու մարզպետի ատամնաբուժական կլինիկան:

Սրանք, ընդամենը, մի քանի օրինակներ են, որոնք ապացուցում են, որ վարչապետ Փաշինյանի թեզը՝ Նոր Հայաստանը առանց գործարար պաշտոնյաների, կարծես թե չի աշխատում…