Նոր Հայաստանի սկանդալային պաշտոնյաների թվում, ինչպես արդեն ներկայացրել ենք, ոչ միայն մարզպետներ, պատգամավորներ և միջին օղակի չինովնիկներ են, այլ նաև վարչապետ Փաշինյանի կաբինետի անդամները: Թերևս ամենաշատը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սկանդալների կիզակետում հասցրել է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առաջին սկանդալը կապված էր նախարարի կողմից խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մտերիմներին աշխատանքի դասավորելու հանգամանքի հետ, հանգամանք, որը շատ արագ ջրի երես դուրս եկավ: Թորոսյանի նշանակած կադրերը անգամ հասցրին օրինազանցություններ անել և որպես արդյունք ՝ հեռացվել զբաղեցրած պաշտոններից: Հաջորդ սկանդալը կապված էր Գարդասիլ դեղամիջոցի լոբբինգի հետ, որը իրականացնում էր նախարար Թորոսյանը, արդյունքում պարզվեց, որ լոբբինգը հենց այնպես չէր արվում, այլ կլորիկ գումարի դրամաշնորհի դիմաց: Սակայն անգամ դրանից հետո էլ Թորոսյանը չդադարեց պարբերաբար հայտնվել սկանդալների մեջ: Դրանցից առանցքայինն ասուլիսի ընդհատումն էր, երբ իր նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանն այցելեց ասուլիսի վայր ու ցանկացավ հարցեր հղել Արսեն Թորոսյանին։ Վերջինս ոչ միայն չլսեց հարցերն, այլև հապճեպ լքեց ասուլիսի սրահը, իսկ երեկոյան հայտնվեց Հ1-ի եթերում ու ստերիլ միջավայրում արձագանքեց հարցերին, ավելի ճիշտ՝ հարցերի մի մասին։

Դեռևս հունվար-փետրվարին կային կասկածներ, որ առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների բաշխումը կատարվում է ոչ թափանցիկ և որոշակի նեղ անձնական կամ ընտանեկան շահեր հաշվի առնելով։ Այս կասկածները հաստատվեցին նաև պաշտոնապես. մարտ ամսին ձերբակալվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

Թվում էր՝ փոխնախարարի ձերբակալմամբ, թեման կկորցներ արդիականությունը, մինչդեռ պարզվում է, որ Արսեն Թորոսյանը շարունակում է նույն գործելաոճը, և տարօրինակ կերպով պետական միջոցները տարվա ընթացքում ևս բաշխում է անհասկանալի հայեցողությամբ, այլապես ինչպես հասկանալ, որ նախարարի կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն МРТ և КТ ծառայություններ, կրկնապատկվեց:

Մի բան ակնհայտ է' նոր Հայաստանի կառավարությունում սկանդալային դեմքերի պակաս ևս չի զգացվում և ամենա սկանդալային նախարարի տիտղոսը վստահաբար կարելի է շնորհել հենց Արսեն Թորոսյանին…