«Մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանը դեռ չի ստորագրել ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը ԵՄ հետ և այն բոլորովին կապված չէ Հայաստանի կամ Wizz Air-ի հետ, այն կապված է Բրեքսիթի հետ։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա սկզբին և դրա շնորհիվ մենք չենք ունենա այն սահանափակումները, որոնց բախվել է Wizz Air-ն իր ուղղություններն ընտրելիս»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Մենք առանձնահատուկ ոչինչ չենք արել Wizz Air ավիաընկերությանը գրավելու համար։ Այն, ինչ մենք արել ենք, ավելի շատ օրենքը փոխելն է մեկնման հարկի հետ կապված։ Քանի որ, երբ ունեք տոմս, որն արժի 25 եվրո և միաժամանակ վճարում եք 20 եվրո հարկ մեկնման համար՝ ավիաընկերության համար ընդունելի չէ», - ասաց նա։

Նա նշեց, որ Wizz Air-ի դեպքը շատ հետաքրքրիր է․ «Նրանք իրականացնում են չվերթ դեպի Վիեննա, որն ավստրիական ավիաընկերությունն արդեն իրականացնում է։ Իրենք ևս վճարելու են այդ մեկնման հարկը, ինչպես ավստրիական ավիաընկերությունն է վճարում։ Վիլնյուսը նոր ուղղություն է, այդ իսկ պատճառով իրենք ելքի տուրքից ազատվելու են»,- ասաց Ռևազյանը։

Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն էլ պատմեց, երբ այսօր առավոտյան ժամանել է, օդանավը կայանել է ավստրիական օդանավի մոտ․ «Ես մտածեցի ինչպես է ավստրիական ավիաընկերությունը իջեցնելու գները, սակայն մենք այստեղ ոչ ոքի հետ չենք կռվելու, ինչպես չենք անում այլ տեղերում։ Մենք կենտրոնանում ենք մեր բիզնես մոդելի վրա»,- նշեց նա։

Wizz Air-ի ներկայացուցիչն ու Ռևազյանը նկատեցին, սակայն, մրցակցությունը լավ է։