ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ տեղեկացնելով, որ ստացել է դատախազության որոշումը, որը որակեց անհիմն և, որ դատախազությունն անտեսել է Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները։

«Առաջիկա օրերին անպայման բողոք կներկայացնենք դատարան»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ ՍԴ-ն արձանագրել էր, որ «գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, ուստիև քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետևապես, այն պետք է իր կոնկրետացումն ստանար, նախևառաջ, Օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում, որպեսզի իրավասու մարմինները ընթացակարգային հիմքեր ունենան կիրառելու այն քրեական դատավարության շրջանակներում»:

Ամրագրելով, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում ամրագրված չէ՝ Սահմանադրական դատարանն այդ մասով 35-րդ հոդվածը համարել էր Սահմանադրությանը հակասող։