Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրագրողների համար Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում էինք կազմակերպել, որի ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկումներ եղան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Չհրապարակելու պայմանով՝ լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանությունից և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասներից: Բնականաբար չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունը Արցախում հող է հանձնում» թեզը և ավելի մեծ ցինիզմ, քան մասնավորապես ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը»:

Ուշագրավը թերևս այն է, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում հայտարարելու համար, որ ժողովուրդը մշտապես տեղյակ է լինելու Արցախի հարցում իշխանությունների կատարած յուրաքանչուր քայլից: Սակայն, ժողովուրդը որպես այդպիսին արդեն մեկ տարի է ինչ դուրս է մղված բանակցային գործընթացին ծանոթ շրջանակներից: Փոխարենը փակ և գաղտնի տեղեկություն են ստանում, այսպես կոչված, «սորոսականները»:

Ինչո՞ւ:

Ընդ որում, չմոռանանք, որ այդ նույն «սորոսականները» մինչև Բրատիսլավայում կայացած հանդիպումը քննադատում էին Փաշինյանի արցախյան գիծը, իսկ այսօր արդեն հավաստիացնում են, որ հողեր հանձնելու նպատակ Փաշինյանի իշխանությունը չունի: Մինչդեռ հենց «սորոսականներն» էին ամիսներ առաջ ակտիվորեն լոբբինգ անում, այսպես կոչված, Բոլթոնի պլանը, որը ենթադրում էր հենց փող՝ տարածքների դիմաց բանաձևի կիրարկումը:

Եթե դրան գումարում ենք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վերջին մեսիջները առ այն, որ «սորոսականները» ունեն ընդգծված մոտեցում Արցախյան բանակցությունների հանդեպ և այդ մոտեցումը սպառնալիք է ազգային անվտանգությանը, եթե վերհիշենք Արցախի ԱԽՔ նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որ Փաշինյանը հստակ պատվեր է կատարում Արցախի հարցում, իսկ «սորոսականները» նրան օգնում են, ապա այս ֆոնին ավելի քան տարակուսելի է ոչ միայն ԱԳՆ և ՀՀ ԱԽՔ ղեկավարների հետ կայացած հանդիպման փաստը, այլ նաև հանդիպումից հետո արված հավաստիացումները: Ստացվում է, որ Բրատիսլավայում տապալելով Լավրովի պլանը, Փաշինյանը այժմ նոր ռևերանսների է փորձում գնալ, դիմելով արևմուտքի օգնությանը և հենց այդ նպատակով էլ գործին լծվում են «սորոսական» կառույցները…