Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը դիմել է իրավապահ մարմիններին՝ դժգոհելով համալսարանի ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանից, ով համալսարանի Էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում թքել է երկու դասախոսի դեմքին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը, որի ժամանակ տեղի է ունեցել միջադեպը, կայացել է դեկտեմբերի 10-ին: Էլբակյանը սովորել է բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում: Նա բողոքել է Էթիկայի հանձնաժողովին ամռանը, երբ իր դիպլոմային աշխատանքի համար երեք է ստացել: Բողոքում ուսանողուհին պնդել է, որ գնահատականն անարդար է, և դասապրոցեսն անցել է «թունավոր մթնոլորտում»։

Նիստին վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Գենադի Բոգոմազովը մերժել է Էլբակյանի բողոքը: Աղջիկը պատմել է, որ երկու անգամ թքել է Բոգոմազովի դեմքին: Ըստ նրա, հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները կոպիտ են խոսել իր հետ: Հանձնաժողովի երկրորդ անդամը, որի վրա թքել է Էլբակյանը, նրա նախկին դասախոսն է՝ Ալեքսանդր Սիզիկովը։ Աղջկա խոսքերով, դասախոսը ոտքի է կանգնել, մոտեցել իրեն և փորձել է հարվածել, ինչից հետո նա թքել է նրա դեմքին ևս:

Ըստ Էլբակյանի՝ իրեն նպատակայինորեն են ցածր գնահատական նշանակել, որպեսզի «նվաստացնեն, բարոյապես կոտրեն, ինչպես նաև փակեն գիտությամբ զբաղվելու հետագա հնարավորությունները»։