«911» ծառայություն դեկտեմբերի 16-ին, ժամը 19։55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և մեկ այլ «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սերոբ Ա., ծնված 1946 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդ Սերոբ Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարիկ Գ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ ժամը 20:40-ին՝ դին մոտեցրել շտապօգնության ծառայության ավտոմեքենային: