Ամուլսարի հավանական շահագործման շուրջ կրքերը նորից սկսել են եռալ և այդ ֆոնին կրկին առաջին պլան է եկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և վերջինիս անձի շուրջ գրեթե մեկ տարի տեղի ունեցող սկանդալները: Բանն այն է, որ Գրիգորյանը իրավամբ կարող է համարվել Նիկոլ Փաշինյանի կաբինետի ամենասկանդալային դեմքերից մեկը և պատճառը միայն այն չէ, որ պաշտոնը ստանձնելուն պես ի հայտ եկավ վերջինիս կապը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որտեղ երկար տարիներ Գրիգորյանը աշխատել էր: Փաստացի նախարարին մեղադրեցին հօգուտ Լիդիանի լոբբինգ իրականացնելու մեջ, իսկ ինքը՝ Գրիգորյանը, որքան էլ փորձեց, այդպես էլ հիմնովին չցրեց հանրության կասկածները՝ կապված իր և արդյունաբերական հսկայի ստվերային համագործակցության հետ: Գրիգորյանի անունը շոշափվեց կրկին Ամուլսարի հարցի համատեքստում, սակայն արդեն Ջերմուկի ավագանու վրա ճնշումներ գործադրելու առումով:

Մամուլի բազմաթիվ հրապարակումներ և բնապահպանների ահազանգեր եղան, որ նախարարը ակնհայտորեն չարաշահում է պաշտոնական դիրքը՝ փորձելով ավագանուց հանքը շահագործելու թույլտվություն և համաձայնություն կորզել, սակայն ապարդյուն: Պետք է փաստել, որ անգամ նման բարձրաձայն մեղադրանքներից հետո էլ վարչապետ Փաշինյանը ուշադրություն չդարձրեց իր ենթակայի գործունեության այդ ասպեկտների վրա: Ամուլսարի թեման դեռ չփակված նախարարը մեկ այլ զավեշտալի պատմության կենտրոնում հայտնվեց, պատմություն, որը սակայն կարող էր անչափ թանկ գին նստել Հայաստանի վրա՝ ավարտվելով Սևանա լճի կորուստով: Բանն այն է, որ ԱԺ ամբիոնից զեկուցելով, թե ինչ քայլեր են կատարվել Սևանի փրկության ուղղությամբ, նախարարը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ Սևանը «դրոններով տեսանկարահանել են և լիճը ինքնամաքրվում է»: Դրանից հետո նախարարը հայտնվեց հանրության քննադատության կենտրոնում, իսկ սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել համապատասխան մեմեր:

Անգամ ԱԺ-ում երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում: Բացի այդ, Գրիգորյանը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, կապված ՀԷԿ-ի կառուցման համար շինթույլտվություններ տրամադրելու հետ: Շատերի կարծիքով այդ շինթույլտվությունների օրինականությունը հարցեր էր առաջացնում, հարցեր, որոնց պատասխանը Գրիգորյանը նույնպես դեռևս չի տվել և չնայած այդ հանգամանքին դեռ շարունակում է պաշտոնավարել Նոր Հայաստանում…: