Թաիլանդում բուդդայական մի վանական մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից՝ լիցքավորիչին միացված հեռախոսով խաղալու պատճառով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

49-ամյա Ֆրա Ռուանգ Յոտը հայտարարել է, որ գնում է հարևան գյուղ՝ միսիոներական աշխատանքներ կատարելու համար: Փոխարենը նա թաքնվել է իր խրճիթում, որտեղ ծխել է և սուրճ խմել, չնայած վանականների համար երկուսն էլ մեղք են համարվում:

Երեք օր անց մյուս վանականները վերադարձել են հարևան գյուղից և հայտնել, որ Ռուանգն իրենց հետ չի եղել: Դրանից հետո նրանք սկսել են փնտրել նրան և գտել են դին նրա խրճիթում: Նա մահացել էր մի քանի օր առաջ, և դին արդեն սկսել էր քայքայվել:

Մահացած վանականը ձեռքերը վեր բարձրացրած, պառկած էր մահճակալի վրա: Ըստ ամենայնի, նա անշարժացել է այդ դիրքում, քանի որ մահից առաջ հեռախոս է բռնել ձեռքին: Կողքին դրված է եղել ծխախոտով լի մոխրամանը և ցիրուցան եղած սուրճի պարկիկներ։