Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով այսօր հանդես են եկել Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ: Նրանք տարածել են հայտարարություն, որի պահանջը մեկն է՝ փոխել Քոչարյանի խափանման միջոցը։ Հայտարարությունը ստորագրածների ցանկում է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
 
Հայտարարության մասին դերասանի հետ զրուցելու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զանգահարել է նրան:
 
 
«Գուժ Մանուկյանը չի ստորագրել ոչինչ»,- ասաց հեռախոսազանգին պատասխանած կինը, ով որպես պատասխանատու անձ ներկայացավ:
 
«Նա մշակույթի մարդ է, քաղաքականությամբ չի զբաղվել երբեք, հիմա էլ չի զբաղվում, հետո էլ չի զբաղվելու»,- նշեց մեր զրուցակիցը:
 
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Մանուկյանի անունն առանց իր իմացության ներառել են ցանկում՝ կինը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ` ստորագրությունից մենք տեղյակ չենք, մնացածը թողնում եմ ձեր եզրակացությանը»:
 
 
Հիշեցնենք, որ ըստ հայտարարության, աստղերը նշում են. «Մենք իրավաբանական գնահատականներ չենք տալիս։ Մենք չենք խորանում իրավական նրբությունների մեջ։ Մենք հանդես չենք գալիս դատավորների կամ արբիտրների դերում, մեզանից յուրաքանչյուրը իր գործն անում է իր ասպարեզում։ Մենք դատական հետաքննության կողմ չենք հանդիսանում։
 
Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, եւ մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։
Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ողջ ընթացքում։ Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։
 
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Մեզանից շատերը անձամբ ծանոթ են նրա հետ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա վիճակը անբնական է եւ չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։
Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»։