«Երևան Սիթի» սուպերմարկետում մենեջերի սենյակում մահացած հայտնաբերված տղամարդու դեպքը բավականին կասկածելի է: Հայտնի իրողություն է, որ «Երևան Սիթի»-ների մասնաճյուղերում տնօրենի և մենեջերի աշխատասենյակները կոչվում են «դաստիարակչական» կամ «պատժի» սենյակներ։ Բանն այն է, որ սուպերմարկետում գողություն կատարած անձինք անվտանգության աշխատակիցների կողմից տարվում են հենց այդտեղ և ենթարկում պատժի տարբեր մեթոդների։

Նշենք, որ 58-ամյա տղամարդը, ով կասկածվում էր գողություն կատարելու մեջ, տարվել էր մենեջերի աշխատասենյակ, որտեղ էլ նրան, ինչպես ասում են, հանկարծամահ եղած են գտել։ Ոստիկանները մահացածի մոտ հայտնաբերել են սայլակի միջից գողացված գողոնը։

Նկատի ունենալով՝ սեփական մեթոդներով գողությունը բացահայտելու սուպերմարկետի անվտանգության աշխատակիցների մոտեցումը, կասկածելի է տղամարդու հանկարծամահ լինելու հանգամանքը և իրավապահներն այս առումով անելիք ունեն։

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ մարմնի վրա բռնության հետքեր չկան, բայց նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 19:10-ի սահմաններում շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: