ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն այս պահին քրեակատարողական հիմնարկում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նա այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ հետագա գործողությունների մասին նախաքննության շրջանակներում կտեղեկացվի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նարեկ Սարգսյանն այսօր Չեխիայից տեղափոխվել է Հայաստան: Նրա նկատմամբ 2018թ. հուլիսի 6-ին հետախուզում էր հայտարարվել, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: 2018թ. դեկտեմբերի 7-ին հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: