Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամի անունից հայտարարություն է տարածվել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունները: ՀՖՖ Գործադիր Կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստի ժամանակ, 9 Կազմակերպությունների գործունեությունը հանիրավի կասեցվել է: Ժողովի ընթացքում, մինչ նախագահական ընտրություններին անցնելը, պետք է քննարկվի այդ կազմակերպությունների հետագա ճակատագիրը:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:20 ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացակարգը, որտեղ ծանուցվել է, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները և արդյոք կկասեցվի մեր 9 կազմակերպությունների գործունեությունը: Քվեարկությունը պետք է կայանա յուրաքանչյուրի համար առանձին ընթացակարգով: Ծանոթանալով տեքստին, ժողովն անօրինականորեն չի պատրաստվում լսել մեր կազմակերպություններից որևէ մեկի տեսակետը և դիտարկումները: Նոր Հայաստանում՝ առանց մեր կարծիքի արտահայտման, կազմակերպությունների ճակատագիրը կարող է վերջնակակապես խեղաթյուրվել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ պատշաճ կերպով կատարել ենք մեր ստանձնած պարտավորությունները՝ նույն թվում նաև ֆուտբոլային: Ցանկացած պարագայում, կարծում ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի համաժողովի ժամանակ և պահանջում ենք ձայնի իրավունք, որպեսզի ներկայացնենք մեր դիրքորոշումը, առաջիկա ծրագրերը և հիմնավորումները:

Նման անհիմն որոշումով ՀՖՖ-ն արատավորում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում վաստակած բարի համբավը՝ պատճառելով բարոյական եւ նյութական վնասներ:

Քանի որ ընթացակարգը պաշտոնապես ներկայացվել է աշխատանքային շաբաթվա վերջին օրվա ավարտին, ուստի, ըստ կանոնակարգի, չենք հասցրել ներկայացնել պաշտոնական նամակ:

Պահանջում ենք քվեարկությունից առաջ ձայնի իրավունք՝ մյուս կազմակերպությունների առաջ ներկայացնելու մեր արդարացի տեսակետները»:

Հիշեցնենք, որ այս հիմնադրամը այն 9 կազմակերպություններից մեկն է, որ ժամանակավորապես զրկված է ՀՖՖ անդամությունից: