Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է:

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Կոպիրկինը նշեց նաև, որ դրական տրամադրվածությամբ է եկել ասուլիսին, և որ մեր երկրների հարաբերությունները անխոս լավ ու դրական նոտայի վրա են գտնվում։

«ՀՀ-ն շարունակում է մնալ մեր հուսալի գործընկերը, որի վրա կարող ենք հույս դնել ամենադժվար պահերին։ Մեր երկրների հարաբերությունների կարևոր ուղղությունն է նաև ռազմական ուղղվածության փոխգործակցությունը։ ՀՀ-ում 102-րդ ռազմաբազան իր առջև խնդիր է դրել հետագայում կատարելագործելու ռազմաբազայի ենթակառուցվածքները»,-ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը գտնվում են Ռուսաստանում: