Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության արտահերթ նիստում որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Թեկնածության առաջադրման, հիմնական մրցակիցների և նախընտրական ծրագրերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Վահան Բադասյանի հետ: «Իմ թեկնածությունը կուսակցությունն է առաջարկել, որն էլ ես սիրով ընդունել եմ: Չեմ կարող ասել, թե ով է թեկնածուներից իմ հիմնական մրցակիցը, քանի որ նրանք բոլորն էլ արժանի մրցակիցներ են»,-նշեց նա: Բադասյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է Արցախը Հայաստանին շուտափույթ վերամիավորելը. «Սա պետք է անենք հանուն խաղաղության և հայ ժողովրդի՝ արցախյան հատվածի անվտանգության: Սա, բնականաբար, ենթադրում է որոշակի փոփոխություներ, այդ թվում կառավարման համակարգում, որի արդյունքում՝ կառավարման համակարգը կլինի միայն Արցախի մարզպետարանը»: Նախագահի թեկնածուն պատմեց, որ Արցախի տնտեսության զարգացման հարցում իրենց մոտեցումը էականորեն տարբերվելու է մինչ այժմ եղած մոդելներից: «Ընտրվելու դեպքում մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ընդերքը, բնական ռեսուրսները, գետերն ու ջրերը, որպես տնտեսության կարևոր պաշարներ, հետ վերադարձնենք ժողովրդին: Այդ ամենը լինի օրենքի համաձայն և պետական կառավարման ներքո»: Նրա խոսքով՝ սրանք խիստ կարևոր քայլեր են, քանի որ տևական ժամանակ այդ ռեսուրսներն անխնա օգտագործվում են. «Այս պահին մեզ համար խիստ անհրաժեշտ է տնտեսության ազատականացումը, որը հիմա չկա, քանի որ տնտեսությունն ամբողջությամբ անձնավորված է: Սա պետք է փոխենք, իսկ տնտեսության զարգացումը պետք է լինի արդարության սկզբունքով»: Մեզ հետ զրույցում Բադասյանը ընդգծեց, որ իր ծրագրում ներառված է նաև ժողովրդագրության դրական փոփոխության հարցը՝ հատկապես ազատագրված տարածքներում: Նրա խոսքով՝ դա իրականացնելու համար իրենք ունեն բավարար քանակի կամք և ծրագիր: Արցախը բանակցային գործընթացի մեջ ներառելու մեր հարցին՝ նա պատասխանեց. «Արցախը կարող է միանալ բանակցային գործընթացին, բայց մենք պայքարում ենք հանուն նրա, որ լինենք մեկ պետություն: Հայաստանի ղեկավարը լինի միակը՝ որպես բանակցող, ինչպես նաև պետք է լինի հիմնական պատասխանատուն: Բայց այստեղ կա կարևոր մի կետ՝ Հայաստանը ինքը պետք է հայտարարի Արցախը իր կազմի մեջ: Հիշենք, որ կոնֆլիկտը ոչ թե արցախա-ադրբեջանական է այլ՝ հայ-ադրբեջանական»: Լուսինե Մարդոյան