Նոր Հայաստանում ՊՎԾ-ն շատ արագ հռչակվեց կոռուպցիայի դեմ պայքարի առաջարմարտիկներից մեկը, և ակնկալվում էր, որ այս մարմնի ստուգումների արդյունքում ականատես կլինենք դարի բացահայտումներին, հատկապես՝ կապված նախկին համակարգի մաս կազմող պաշտոնյաների, օլիգարխների կողմից գործած ապօրինությունների մասով: Սակայն, անցել է մեկ տարի, իսկ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում նախկին պաշտոնյաներից հայտնվել են միայն երբեմնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և վերջինիս եղբայրը:

Տպավորություն է, որ հին համակարգի ներկայացուցիչներից ապօրինի գործունեությամբ աչքի են ընկել հենց այս երկուսը. եթե դա այդպես է, ապա զարմանալի է՝ ինչու էին հեղափոխականները մեղադրում մի ամբողջ համակարգի, ձեռքի հետ էլ «մերժում Սերժին»: Ինչևէ, ակնհայտ է, որ ՊՎԾ-ն այնքան էլ շահագրգռված չէ նախկինների կեղտոտ սպիտակեղենը փորփրելու հարցում, համենայնդեպս՝ նախկին խոշորների: Եթե պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները պլստացել են, ապա նույնը չի կարելի ասել մանրերի մասին: Մամուլում վերջերս հրապարակվել էր տեղեկություն, որի համաձայն՝ ՊՎԾ կողմից լայնածավալ ստուգումներ են նախատեսվում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Շնող, Ախթալա, Օձուն և Ալավերդի, Թումանյան խոշորացված համայնքներում։

Մամուլը պնդում էր, որ սա պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ այս համայնքների ղեկավարները ներկա իշխանությունների համար շարունակում են մնալ ռիսկային ու «անհնազանդ», և ստուգումների «քավորը» Լոռու մարզպետն է, ով հիշյալ համայնքների ղեկավարների (ու ոչ միան նշյալ) հետ խնդիրներ ունի այն առումով, որ ցանկանում է բոլորին իր «բռի մեջ» պահել, բայց չի ստացվում։ Այսինքն, ըստ էության, ՊՎԾ-ն դարձել է մահակ՝ մանրերից ազատվելու համար: Դրա մասին են փաստում նաև ՊՎԾ-ի շատ պատահական ստուգումները ոստիկանությունում և ԱԱԾ-ում՝ Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականներից հետո: Ինչպես նաև ԵՊՀ-ում ծայր առած ստուգումները հենց այն պահին, երբ իշխանությունների համար օրակարգի թիվ մեկ խնդիրն էր դարձել Արամ Սիմոնյանից ազատվելը: Նույնը կարելի է ասել նաև «Հայաստան Համահայկական հիմնադրամում» տեղի ունեցած ստուգումների մասին, թերևս, հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ժամանակավոր ազատության մեջ հայտնվելն իշխանություններն անչափ ծանր են տարել…