«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելու որևէ խոչընդոտ չկա».- այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

«Որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Նայեք՝ մեր երկրում քանի նախկին ու ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում, այսինքն, եթե կա կոռուպցիոն գործ, անկախ ամեն ինչից քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»:

Լրագրողի այն հարցին, թե Հրայր Թովմասյանին, որպես ՍԴ նախագահ, մեղադրանք առաջադրելու համար արդյոք պետք չէ ՍԴ-ի թույլտվությունը, նախարարը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է ՍԴ-ի թույլտվությամբ մեղադրանք առաջադրելուն, նշեմ, որ գործը չի վերաբերվում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այս մասով, բնականաբար, ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդում իրականացնելու համար չի պահանջվում: Այս մասով ՍԴ դատավորն անձեռնմխելություն չունի»: