Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում այրվում է Mercedes մակնիշի 01 RF 101 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է նույն փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռաֆայել Ֆարխոյանին։ Ռ. Ֆարխոյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանի որդին է։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մեքենայում առաջացած հրդեհի պատճառը; Տեղի ունեցածը գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում է, թե անզգուշության հետևանքով առաջացած հրդեհ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։