ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում շաբաթ օրը սպառնացել է, որ «շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։

ԱՄՆ նախագահը այս գրառումը հրապարակել է Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով։

«Իրանը շատ համարձակ է խոսում այն մասին, թե թիրախավորել է որոշակի ամերիկյան օբյեկտներ, որպեսզի վրեժ լուծի այն բանի համար, որ մենք աշխարհն ազատեցինք նրանց ահաբեկչական առաջնորդից, որը վերջերս ամերիկացու էր սպանել եւ ծանր վիրավորել շատերին՝ չհաշված այն բոլոր մարդկանց, որոնց նա սպանել է իր ողջ կյանքի ընթացքում, ներառյալ իրանցի հարյուրավոր ընդվզողների վերջերս տեղի ունեցած (սպանությունները)»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Սոլեյմանին արդեն գրոհել էր ամերիկյան դեսպանատունը եւ պատրաստվում էր հարձակվել այլ թիրախների վրա։

«Իրանն արդեն երկար տարիներ խնդիրներ ստեղծելուց բացի այլ բան չի արել։ Թող սա ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ լինի, որ եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, մենք թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտներ (որ ներկայացնում են 52 ամերիկացի պատանդներին, որոնց Իրանը վերցրել է տարիներ առաջ), որոնց մի մասը շատ կարեւոր մակարդակի է Իրանի ու իրանական մշակույթի համար։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱՐՎԱԾ։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։