ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել է, որ հետեւում է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»:

«Ուշադրությամբ հետեւում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը՝ ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումն (ԱՄՆ-ի) վարչակազմի կողմից եւ պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը»,- գրել նա Twitter-ում: «Ամերիկան եւ աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց»,- ընդգծել է խոսնակը:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգից) հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ցանկացած քննարկում տեղափոխի Կոնգրես: «Անհրաժեշտ է դադարեցնել էսկալացիան, քանի դեռ այն հերթական անվերջ պատերազմի չի հանգեցրել Մերձավոր Արեւելքում»,- նշել է օրենսդիրը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: