Ավստրալիայում անտառային հրդեհների ծուխը, Խաղաղ օվկիանոսն ու հարավամերիկյան աշխարհամասն անցնելով, հասել է հարավային Բրազիլիա, հայտնում է MetSul բրազիլական մասնավոր օդերեւութաբանական ընկերությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում հրդեհների ծուխը հասել է Չիլի եւ Արգենտինա: Ծուխը կարելի էր տեսնել Չիլիի գրեթե բոլոր հարավային եւ կենտրոնական քաղաքների երկնքում:

«Ավստրալիայում հրդեհների ծուխը, որը հայտնվել է մթնոլորտում, այսօր առավոտյան Լիվրամենտոյի (Բրազիլիայի հարավում Ռիու Գրանդի դու Սուլ նահանգ) երկինքը դարձրել է մոխրագույն, չնայած երկնքում ամպեր չկան»,- Twitter-ում հայտնել է MetSul-ը:

Ծխի առավել մեծ խտություն է դիտվում նահանգի հարավ-արեւմուտքում Ուրուգվայի սահմանին:

Ընկերությունից նշել են, որ առողջության համար վտանգներ չկան, քանի որ ծուխը մեծ բարձրության վրա է եւ չի ազդում մակերեւույթի մոտ օդի որակի վրա:

Ավստրալիայում արդեն այրվել է միլիոնավոր հեկտար հող, վերջին ամիսներին կրակը խլել է 17 մարդու կյանք, ոչնչացրել հազարավոր տներ, որոշ գնահատականներով՝ զոհվել է 8 հազար կոալա եւ հարյուր հազարավոր կենդանիներ: Որոշ վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան խիտ, որ դրանք օդից մարելն անհնար է: Իշխանությունները տուժած վայրեր են ուղարկում ՌԾՈՒ նավեր եւ ավիացիա: Ավստրալիայի հարավարեւելյան ափին իրականացվում է զանգվածային տարհանում: