Հունվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 11-ամյա որդի:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը  նշեց, որ զինծառայողի ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, իսկ մահացած պայմանագրային զինծառայողը մի քանի տարի է՝ ինչ ծառայում էր:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանն իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: