Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Այս ցանկը հետաքրքիր է նրանով, որ իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց օլիգարխներին և ստվերային տնտեսությանը։ Ենթադրվում էր, որ դա բերելու է՝ ինչպես ընդհանրապես, այնպես էլ՝ խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարվող գումարների կտրուկ ավելացման։ Վարչապետի պաշտոնում նրան ոչ միայն չհաջողվեց կատարել այդ խոստումը, այլև նույնիսկ մոտենալ դրան։2019-ին այդ դինամիկան պահպանվեց, սակայն բյուջեի հավաքագրման հարցում նախորդ տարի իշխանությունները աշխատեղցին չթերանալ, այն էլ հարց է՝ ում հաշվին հավաքվեց այդ բյուջեն: Բանն այն է, որ նախկինում մշտապես թիրախում պահելով որոշ հայտնի օլիգարխներին՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում խոսել նրանց կողմից վճարվող հարկերի մասին, մինչդեռ առժի, քանի որ այդ օլիգարխները տարեցտարի նվազեցնում են վճարվող հարկերի ծավալները:

Ժամանակին այդպիսի օլիգարխներից էր, թերևս, Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես համարվել է իշխանությանը սպասարկող խոշոր գործարարներից մեկը՝ ունենալով ստվերում գործելու արտոնյալ պայմաններ։ Ի դեպ այդ մեղադրանքը Ալեքսանյանի հասցեին հնչեցրել էր հենց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ենթադրում էր, որ Ալեքսանյանը մուծվում է ոչ թե բյուջե, այլ անմիջապես ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Իսկ Ալեքսանյանի հետհեղափոխական հարկային պատմությունը ավելի քան ուշագրավ է: 7.68 մլրդ դրամով հանրապետության 7-րդ հարկատու հանդիսացող Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» տրոհվել ու «վերակազմակերպվել է» «Ալեքս Հոլդինգի», «Ալեքս Էնդ Հոլդինգի», «Սիթիի» և «Ալեքս Տեքստիլի»: Սրանցից «Ալեքս Էնդ Հոլդինգը» կարծես զբաղվում է միայն ներմուծումով և շաքարի արտադրությամբ, և վճարելով 3.33 մլրդ հարկ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 21-րդ հորիզոնականում: «Սիթին» 26-րդ հարկատուն է, որը ներկայացնում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և վճարել է 3.76 մլրդ դրամի հարկ: «Ալեքս Հոլդինգը» իր վճարած 1մլրդ 746 մլն հարկերով 49-րդ հարկատուն է: «Ալեքս Տեքստիլը» իր վճարած 608 մլն դրամի հարկերով 146-րդ հարկատուն է: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանի ընկերությունները միասին վճարել են շուրջ 9.5 մլրդ դրամի հարկ, դրանով իսկ նա հանդիսանում է հանրապետության 4-րդ հարկատուն: Մինչդեռ 2017-ի վերջում, այսինքն մինչ հեղափոխությունը ՝ Ալեքսանյանը վճարած հարկերի ծավալներով երկրորդ հարկատուն էր հանրապետությունում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում Ալեքսանյանը էլ ավելի քիչ հարկեր է վճարում, քան այն ժամանակ, երբ թիրախավորվում և քննադատվում էր պատգամավոր Փաշինյանի կողմից:

Սակայն Ալեքսանյանը այս ցանկում միակը չէ, բոլորս էլ հիշում ենք, ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը ԱԺ ամբիոնից հիշատակում Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս «Ֆլեշը» և Բեգլարյանի սերտ կապերը Սերժ Սարգսյանի հետ: 2017-ի սեպտեմբերին Փաշինյանը հենց այդ կապն էր վկայակոչում և կասկածներ հայտնում ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկի կապակցությամբ, ըստ ընդդիմադիր Փաշինյանի՝ Բեգլարյանը հարկեր էր թաքցնում: Իսկ ինչ պատկեր ունենք անցած երկու տարիների ընթացքում: Մեր երկրում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերությունը երկու տարվա ընթացքում զգալի նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը:

Փաշինյանին այսօր լոյալ է նաև Սարգսյանի մտերիմ մյուս օլիգարխը՝ Արկադի Համբարձումյանը, ում թիկնազորին, ճիշտ է, հեղափոխությունից հետո մեկ անգամ փռեցին ասֆալտին, սակայն հետո կրքերը մարեցին, իսկ Համբարձումյանի ընկերությունները, կարծես, մոռացել են անգամ իրենց հարկային պարտավորությունների մասին: «Դերժավի Արկադիի» Դերժավա-Ս-ը վճարել է 2,512,037 մլրդ դրամ, իսկ «Սլավ Գրուպ»-ը՝ 2,416,702 մլրդ դրամ:

Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը մշտապես թիրախում էր պահում նաև Գյումրիի հավերժ քաղաքապետ Սամվել Բալասանյանին և վերջինիս բիզնեսները, մասնավորապես Գյումրի գարեջրի գործարանը: Պատգամավոր Փաշինյանը ՊԵԿ-ի ուշադրությունն էր հրավիրում Բալասանյանի վճարած հարկերի վրա, պնդելով, որ դրանք տարակուսելիորեն քիչ են, իսկ ի՞նչ կասի այսօր Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո Բալասանյանը ոչ միայն պահպանել է աթոռը և վարչապետի հետ սելֆիներ է անում, այլ նաև կտրուկ նվազեցրել է վճարվող հարկերի ծավալը:

Դժվար է, իհարկե, հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված նախկին համակարգին սերտաճած օլիգարխների կողմից (դա հենց Փաշինյանի բնորոշումն է) հարկային պարտավորությունների կատարման հարցում նման թերացումը, սակայն մի բան ակնհայտ է՝ օլիգարխները այսօր ավելի քիչ գումար են մուծում պետական բյուջե, քան դա անում էին մինչ հեղափոխությունը: Կարելի է, իհարկե, հավատալ իշխանությունների այն պնդումներին, որ նման պատկերը մենաշնորհի ջախջախման արդյունք է, սակայն վերը նշված օլիգարխները պահպանել են ոլորտներում իրենց մենաշնորհ դիրքը, այլ բան է, որ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «այսօր թղթերով ամեն ինչ կարգին է»: Գուցե այդ օլիգարխները մուծվում են ոչ թե պետական, այլ որևէ այլ ֆորմատի բյուջե և այն ստվերային համաձայնությունները, ճամպրուկներով Բաղրամյան 26 միլիոններ տանելու ավանդույթը դեռ ուժի մեջ են: Մի բան ակնհայտ է, բյուջեն այսօր լցնում են շարքային քաղաքացիները, որոնց վրա օրեցօր ավելանում է հարկային բեռը, իսկ սոցիալական վիճակի կտրուկ բարելավում երկու տարի անց էլ չի նկատվում…