Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությունյանը իր վարած ВАЗ-21124 մակնիշի 35 RM 072 համարանաիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КамАЗ 432535 մակնիշի 862 LՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին եւ Երեւանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանին էլ բուժօգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում, որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ «Մալաթի-Սեբաստիա» վարչական շրջանի աշխատակիցները: