Երեկ ֆեյսբուքյան հարթակում «Իմ քայլի» պատգամավորները կոնֆլիկտային իրավիճակում, կարծես, անցան էթիկական նորմերն ու մտան անձնական վիրավորանքի դաշտ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը իմքայլական Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ տվեց բամբասանքներով խոսելու փոխարեն ամուսնանալ:

Ամուսնանաս կանցնի՝ հրապարակային արտահայտվել էր Սարուխանյանը: Պատգամավորի արտահայտությունը քննարկվեց, հնչած բազմաթիվ կարծիքներում նա մեղադրվեց պատշաճություն չդրսևորելու մեջ:

Թեմայի մասին զրուցել ենք ՀՀ պետական գործիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի հետ:

«Արվել է արտահայտություն, որը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Ես կարծում եմ, որ արտահայտությունը պետք է դառնա քննարկման առարկա պատգամավորական էթիկայի կանոններին հետևելու համատեքստում՝ այդ առնչությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողից»:

Այն պնդմանը, թե արտահայտությունն արվել է «ընկերական» խոսակցության ժամանակ, Շաթիրյանը հակադարձեց.

«Արտահայտությունը հրապարակային տարածքում է արվել, ինչ կապ ունի ինչ խոսակցության ընթացքում, սրան գումարած իգական սեռի ներկայացուցչի նկատմամբ, խախտումն առերևույթ առկա է»:

Շաթիրյանի կարծիքով՝ խմբակցությունը պիտի հետևողական լինի, և հարցը քննարկման դնի, որովհետև օրենքին համապատասխան կանոնների պահպանումը պատգամավորների պարտականությունն է:

Հիշեցնենք, որ Պատգամավորական էթիկայի կանոններն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դրանց հետևելու պարտականությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4֊րդ հոդվածի 1-ին մասի 4-դ կետով։ Սահմանադրության 107-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 16-17-րդ հոդվածներին համապատասխան՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: