ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իր էլեկտրոնային հասցեից James Mayer անունով օգտատերը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ կասկածներ չունի, թե ովքեր և ինչու պիտի մտնեին իր էջը, հատկապես, այն դեպքում, որ իր որևէ օգտահաշվում չկա հետաքրքիր ու սկանդալային նամակագրություն:

«Ես այս առումով ամենաանհետաքրքիր քաղաքական գործիչն եմ, գրեթե, չեմ օգտվում կայքերից ու հավելվածներից, իմ «Messenger»-ը վարում է իմ օգնականը, այնտեղ կարող են գտնել բազմաթիվ մարդկանց նամակներ, որոնցում իրավախախտումների դեպքեր են, խախտումներ, բողոքներ»:

Զոհրաբյանն ասաց, որ դեռ չի դիմել իրավապահներին, բայց արդեն զբաղվում է այդ գործով:

«Հենց հիմա այդ գործով եմ զբաղվում, որովհետև, եթե մուտք են գործել, ապա, գուցե, ինֆորմացիա էլ վերցրած լինեն, կամ անօրեն որևէ բան արած լինեն: Եթե պարզվի, որ սա հերթական հարձակումն է, որ լրագրողների, խմբագիրների ասածները, թե իրենց էջերը վերահսկում են, ճիշտ է, ուրեմն երկիրը գնում է շատ վատ ուղղությամբ»:

Պատգամավորը նշում է նաև, որ իր բոլոր սկանդալային, կարևոր, ինտրիգային մտքերը ինքը բարձրաձայն է արտահայտում, հայտնում է հրապարակային, հենց այդ պատճառով սոցկայքերում թաքցնելու ոչինչ չունի:

Աիդա Կիրակոսյան