Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա հանդիպեց Եղվարդի ծննդատան աշխատակիցների և ծննդատան փակման դեմ բողոքող ցուցարարների հետ՝ բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ քննարկելու հարցի արդյունավետ հանգուցալուծման ուղիները։

«Այս պահին Եղվարդի ծննդատունը չի փակվի, նախարարի հետ կա փոխըմբռնում»,- ասաց մարզպետը։

Նա նշեց, որ իր կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի և գործի։

Նշենք, որ մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում Մարալիկում՝ ծննդատան փակման պատճառով:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ՝ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։ Քաղաքացիները դժգոհում են այս որոշման դեմ։