Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը:

«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: «Մեխանիզմի նպատակն է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: