«Գործադիր իշխանությունը, որը նաև նույնանում է Օրենսդիր իշխանության հետ, հնարավոր բոլոր ռեսուրսները օգտագործում են, որպեսզի զավթի նաև Սահմանադրական Դատարանը և այնտեղ ունենա իրենց համար ցանակալի և իրենց իշխանության օրոք նշանակված  դատավորներ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով ՍԴ-ում տիրող իրավիճակին վերաբերող մեր հարցին:

Նրա դիտարկմամբ՝ մյուս կողմից ՍԴ-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, նաև իրավիճակը գնահատելով որպես բացառիկ հնարավորություն ձեռք բերելու անկախություն և չնույնանալու տվյալ պահի իշխանությանը՝ փորձում է իր գործունեությունն իրականացնել անկախ, անկողմնակալ մոտեցումներով և չենթարկվել ճնշումներին:

«Հասկանալի է, որ Գործադիր իշխանությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր՝ հանրային տրամադրությունների վրա ազդող ռեսուրսները,  իսկ դատավորները փորձում են տեղի չտալ»,-ասաց նա:

 

Իրավաբանը կարծում է, որ պրոցեսը կշարունակվի այնքան, քանի դեռ Գործադիր իշխանությունն ամբողջվին չի հասել իր նպատակին. «Մյուս կողմից՝ եթե կոշտ արձագանքներ լինեն միջազգային կառույցների կողմից, որոնք իշխանության գործողությունները թույլատրելիի սահմանն անցած կհամարեն, ապա հնարավոր է կասեցնող քայլեր լինեն»:

Սահակյանից փորձեցինք ճշտել, օրեր առաջ մամուլում տարածված այն տեղեկատվության օրինականությունը, թե ՍԴ մի քանի դատավորների դեմ արտաամուսնական կապերի նյութեր են նախապատրաստվում:

«Անձնական կյանքին վերաբերող տվյալները պետք է մնան փակ և որևէ պաշտոնյայի պարագայում, դա լինի դատավոր, թե մեկ այլ, այդ տվյալների ապօրինի հրապարակայնացման միջոցով չպետք է ներազդեն պաշտոնյաների և նրանց կողմից կայացվելիք որոշումների վրա: Բայց, հատկապես, դա անթույլատրելի է դատավորների պարագայում, քանի որ նրանց գործառույթները ավելի կենսական նշանակություն ունի»,-ընդգծեց նա:

 
 

Թեպետ, մեր զրուցակիցը չբացառեց նաև այդ տարբերակը՝ նշելով, որ անթույլատրելի մեթոդները ևս պայքարի մեջ կարող են  գործի դրվել: Բայց նմանատիպ ճանապարհով՝ կոմպրոմատների միջոցով, անձերի վրա ազդելը անթույլատրելի է և համահունչ չէ իրավական արժեքների հետ:

«Ես կարծում եմ, որ հավաքական առումով՝ ՍԴ դատավորները պահելու են իրենց արժանապատվությունը և իրենց մասնագիտության նկատմամբ հարգանքը: Ուժեղ, հասատատուն, իր սկզբունքների հանդեպ հավատ ունեցող մարդը ստոր մեթոդների ներքո անպատասխանատու որոշումներ չի կայացնի»,-խոսքն ամփոփելով՝ ասաց իրավաբանը: