Ստեփանավանի հետ միացած Ուրասար գյուղի բնակիչներն այսօր՝ հունվարի 16-ին, հրաժարական էին պահանջում, բայց ոչ թե իրենց համայնքի ղեկավարից, այլ նվազագույնի հասցված լիազորություններ ունեցող վարչական ղեկավարից, հայտնում է «Ազատությունը»։

Անցած տարի 400 բնակիչ ունեցող Ուրասարում առանց բնակիչներին տեղեկացնելու 23 հեկտար վարելահող երկարատև վարձակալության են տվել ոչ թե ուրասարցիներին, այլ իրենց համար անծանոթ ստեփանավանցիներին։ Գյուղապետարանում հավաքվել ու վարչական ղեկավարին կանչել էին հաշիվ տալու՝ ինչո՞ւ առաջնահերթության կարգով իրենք չեն դարձել Ուրասարի վարելահողերի վարձակալը։

«Ոչ մեկ տեղյակ չի եղել, թե ոնց են վաճառել հողերը։ Հողի համար մեր ժողովուրդ իրար հետ լավ ու վատ են անում», - ասել է ուրասարցիներից մեկը։

«Ես պահանջում եմ, որ չեղյալ համարեն տվյալ աճուրդը», - հավելեց նրա համագյուղացին։

Գյուղացիների պահանջից հետո վերջապես Ուրասար ժամանեց Ստեփանավան քաղաքում բնակվող վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանը, որը 2015 թվականին մոտ 20 տարի գյուղը ղեկավարած հոր մահից հետո է ստանձնել գյուղապետի պաշտոնը։

Տասնամյակներ շարունակ Կիրակոսյանների իշխանության ներքո գտնված գյուղում բնակիչներն առաջին անգամ գյուղի հանրապետական ղեկավարի երեսով էին տալիս, թե միշտ էլ կաշառքի դիմաց են ընտրել իրենց։

Վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանը, ով խոշորացումից հետո այլևս նախկին լիազորությունները չունի, շեշտում է, որ հողերի բոլոր աճուրդներն ու մրցույթները Ստեփանականի համայնքապետարանում են արվում։ Ինքն էլ կատարել է իր միակ պարտականությունը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից խնամքով կտրել է Հայաստանի բոլոր համայնքներում վաճառվող կամ վարձակալության տրվող հողերի անընթեռնելի ցանկն ու փակցրել գյուղապետարանի հայտարարությունների ցուցատախտակին։

Ջուր ու ճանապարհ, մանկապարտեզ ու մշակույթի տուն չունեցող ու բազմաթիվ կենսական այլ դժվարություններ ունեցող գյուղում համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի ու վարչական ղեկավարի հետ համաձայնության եկան։ Գյուղացիների դժգոհությունը հարուցած վարչական ղեկավարը վաղը կազատվի աշխատանքից։ Համայնքի ղեկավարն այդ պաշտոնում երեք ամիս փորձաշրջանով կնշանակվի բողոքող գյուղացիների համախոհ Արմեն Մանասյանին։ Կողմերը միմյանց խոստացան, որ գյուղում թշնամական մթնոլորտ չի լինի։ Վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանը գյուղից հեռացավ ներողություն խնդրելով։

Ինչ վերաբերում է Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանին, ով խոշորացումից հետո տնօրինում է նաև գյուղի 10 միլիոն դրամանոց բյուջեն, ասաց, թե ինքն էլ վերջին շրջանում շատ դժգոհ է եղել վարչական ղեկավարի անգործությունից և բազմիցս նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Հարցին, թե՞ արդյո՞ք իրեն պատասխանատու չի համարում ուրասարցիների բարձրացրած հարցերի համար, ասաց՝ ոչ. - «Ինքը ինչի՞ համար ա. որ գա մենակ աշխատավարձ ստանա վարչական ղեկավարն ու գնա՞։ Բա էս գյուղի դարդերով ո՞վ պտի զբաղվի։ Բա էլ ինչի՞ համար ենք վարչական ղեկավար նշանակել։ Առօրյա խնդիրը վարչական ղեկավարը պտի գա ներկայացնի, ինքն էլ աշխատի, որ մենք էլ կարողանանք ներկայացնենք»։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ոստիկանությունը քրեական գործ էր Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, ձևական աճուրդներ կազմակերպելու և կեղծիքներ կատարելու փաստերով։