«Եթե հանկարծ չբացահայտվի սպանություն էր, թե ինքնասպանություն, ապա դա վատագույն ազդակներից մեկն է»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկինում Ազգային անվտանգության նախարարի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությանը, ըստ որի՝ Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին դին՝ հրազենային վիրավորումով։

Եղիազարյանի խոսքով՝ գտնվում ենք լրջագույն ներքաղաքական ճգնաժամի դաշտում և այս ամենը տանում է դեպի պետականության կորուստ․ «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան եղավ, ով անցյալում ներքաղաքական դաշտի լրջագույն դերակատարներից մեկն էր։ Այսօր լսում ենք Կուտոյանի մահվան մասին։ Նա նախկին ԱԱԾ տնօրենն է և բնական է, որ բազմաթիվ գաղտնի նյութերի էր տիրապետում, նրա կյանքից հեռանալը լրջագույն ազդակներից մեկն է։ Մենք պետականություն ենք կորցնում։ Այսօր տարբեր տեղերից հնչում են ձայներ նույն Վանեցյանի համար, փորձում են ահաբեկել նրան։ Մենք գտնվում ենք աննորմալների դաշտում, թե վաղը ինչ կլինի, ոչ ոք ասել չի կարող»,- ասաց նա։

Հարցին՝ Կուտոյանի մահը կապում եք նրա տիրապետած ինֆորմացիաների հետ, Եղիազարյանը պատասխանեց․ «Էսպես, թե էնպես։ Ներկայիս վարչապետ կոչվածի համընդհանուր հոխորտոցի տակ այս ինքնասպանությունները կամ սպանությունները պետականության կորստի սկիզբն է։ Մենք շատ լուրջ մտածելու բաներ ունենք։ Կարծում եմ՝ այս ամեն ինչը իրավական բեսպրիդելի, ընտրովի արդարադատության և այն մթնոլորտի արդյունքն է, որը տիրում է Հայաստանում։ Այդ մթնոլորտի սկիզբն ու վերջը Նիկոլն է։ Այնպես, որ պետականության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, պետք է ազգովի մտածենք։ Պետք է սթափվենք և մեկ օր առաջ պրծնենք այս իշխանություններից»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը։

Սոնա Հարությունյան