Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ հնարավոր է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի գազի սակագինը թանկացնելու համար:  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, ևս չեն բացառում, որ հնարավոր է այդ հարցով դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Գազի սակագնի հնարավոր թանկացման և տնտեսության վրա սպասվելիք ազդեցության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

«Ես այն կարծիքին եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը այդ ընկերության անունից հանդես գալու իրավունք չունի: Նա, իհարկե, ենթադրաբար է ասել, բայց, միևնույն է, սպառողը տարակուսանքով է ընդունում նման հայտարարություները: Նա պետք է չեզոք մնա»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ ճիշտ է հարցը քննարկվում է, բայց գազի սակագինը բարձրացնելու հիմքեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չունի թե′ սահմանի վրա, թե′ սահմանից ներս. «Հիմա սակագինը բարձրացնելու խնդիր չկա: Այնպես, որ թող այդ հեքիաթները պատմելու փոխարեն՝ բացեն ամբողջ ծախսերի իրական պատկերը»: 

 

Մարգարյանը նաև նշեց, որ տնտեսական ողջամտության սահմաններ կան. «Գազպրոմը մենաշնորհային ոլորտ է և նրանք երաշխավորված շահութաբերություն ունեն: Հայաստանից նրանց ունեցած 9 տոկոս շահութաբերությունը չափազանց բարձր ցուցանիշ է: Ասեմ ավելին՝ այդ պայմանագիրը ես «թալանչիական» եմ համարում»:

Նա նաև պատմեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մոնոպոլիա ունի, ընդ որում, վերցրել է մենաշնորհ գազաբաշխիչ ամբողջ համակարգը նաև Իրան-Հայաստան խողովակը, այսինքն՝ Հայաստանն այս պարագայում  այլընտրանք չունի: 

«Այլ՝ հավասար պայմաններում, Հայաստանը կկարողանար մրցակցային գներով գազ ներկրել, ոչ միայն Իրանից, այլև Իրանի տարածքով այլ երկրներից, օրինակ՝ Թուրքմենստանից կամ  Միջին Ասիական երկրներից: Այդ ժամանակ «Գազպրոմ»-ի ախորժակը կլինի չափավոր և բնական»,-ընգդծեց տնտեսագետը: