Հայազգի հայտնի հեռուստահաղորդավարուհի, դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիավոկովի կինը՝ Սաթի Սպիվակովան, մեկնաբանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, ով հրաժարվել էր ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

Սպիվակովան նշել է, որ ուզում է պաշտպանել Էյվազովին, «քանի որ վստահ է, որ վերջինիս զրպարտել են»:

Ինստագրամի իր էջում Սպիվակովան կոչ է արել բոլորին հանգստանալ ու «դադարել քննարկել այդ զառանցանքը»:

«Ես հավատում եմ միայն նրան, ինչին անձամբ եմ ականատես եղել: Հայ երիտասարդ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հանդեպ իմ ամբողջ հիացմունքով հանդերձ, և հասկանալով, որ այս կեղտոտ պատմության մեջ նա զոհ է, ուզում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ հաստատ իմանալով, որ նրան զրպարտել են: Ես հայ եմ, նա՝ ադրբեջանցի, և եթե դիտարկելու լինենք քաղաքական ասպեկտը, մենք հատատ կլինենք բարիկադի տարբեր կողմերում: Բայց երբեք, ոչ մի արտիստի համար ազգությունը դեր չի ունեցել: Բոլոր արտիստներն արվեստ անունով երկրի քաղաքացիներն են»,- գրել է նա:

Սպիվակովան նշել է նաև, որ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ համատեղ կյանքի 37 տարում բազմիցս է ականատես եղել, թե ինչպես են արտիստներն իրենց գործակալների սադրանքների ու ինտրիգների զոհը դարձել, որի արդյունքում խզվել են պայմանագրեր ու կարիերաներ կործանվել:

Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչ Էյվազովը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ հայազգի սոպրանո Մանթաշյանի հետ: Ըստ աղբյուրի՝ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել էին չներկայանալ: Ինքը՝ Էյվազովը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները չեն ազդում մասնագիտական կյանքի վրա: