Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N 52 դպրոցի մոտ վրաերթ տեղի ունեցավ, ինչի արդյունքում 10-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացավ հիվանդանոցում:

Դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են հունվարի 29-ին բողոքի ցույց կազմակերպել՝ դպրոցի մոտ լուսացույց տեղադրելու պահանջով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Էլեն Գալոյանը, ով նույն դպրոցի շրջանավարտ է:

«Այդ վայրում բազմաթիվ անգամներ են վրաերթեր տեղի ունեցել, որոնք ավարտվել են կոտրվածքներով ու վնասվածքներով, իսկ մահվան դեպքերը եղել են երեքը: Մենք որոշեցինք անգործ չմնալ ու պահանջել, որ լուսացույց ավելացնեն՝ խուսափելու համար հետագա դժբախտ պատահարներից կամ վերգետնյա անցում կառուցեն»,-ասաց նա:

Շրջանավարտի խոսքով՝ նույնատիպ խնդիր ունի նաև հարևանությամբ գործող թիվ 158 դպրոցը, այնտեղ կա անցում, բայց չկա լուսացույց. «Հենց այդ պատճառով մեր նախաձեռնությանը միացել են նաև այդ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները»:

Նա նշեց, որ իր նախկին դպրոցի տնօրենը չի ողջունել նախաձեռնությունը, բայց իրենք, այնուամենայնիվ, որոշել են այն իրականացնել. «Մենք վաղ առավոտից կլինենք այնտեղ, կփակենք ճանապարհները ու թույլ չենք տա, որ երեխաները դպրոց մտնեն»:

Էլենը լիահույս է, որ այս տարբերակով կկարողանան լուծել աշակերտների անվտանգության հարցը: