Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ յուրայիններին պահելու և ջրից չոր դուրս բերելու համար: Ըստ Փաշինյանի՝ դա թայֆայականության դրսևորում էր, որը պետք է արմատախիլ արվեր պետական կառավարման համակարգից: Իրականում՝ Փաշինյանը ճիշտ էր և նման մեղադրանքները, մեծամասամբ, տեղին էին: Ինչ արժեր միայն «Հարսնաքար»-ի դեպքը, երբ Ռուբեն Հայրապետյանի գործը ջրելը, Արագածոտնի նախկին սկանդալային մարզպետ Սարգիս Սահակյանի գլուխը բազմաթիվ դեպքերում ազատելը՝ հաշվի առնելով, որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը: ՀՀԿ-ն, իրոք, ուներ նման պրակտիկա, տարակուսելին բնավ էլ դա չէ: Տարակուսելին այն է, որ այդ նույն պրակտիկան ժառանգել է հեղափոխական ՔՊ-ն:

Օրինակ, այսօր Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը «Իմ քայլ»-ը խմբակցության հրատապ նիստից հետո վայր դրեց մանդատը: Սա, իհարկե, ողջունելի է՝ հաշվի առնելով, թե ինչ քայլի էր գնացել վերջինս: Սակայն, արդյո՞ք Հարթենյանը վայր կդներ մանդատը, եթե դա չպահանջեր քաղաքական օրակարգը, իսկ այն մեկն է՝ ամեն գնով շեղել հանրային ուշադրությունը Փաշինյան-Թովմասյան քաղաքական դուելից, որտեղ վարչապետը ակնհայտ տանուլ է տալիս և խճճվում նորանոր մանիպուլյացիաների մեջ:

 

Եթե ՔՊ-ում չկան նույն բարքերը ինչ ՀՀԿ-ում էին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ առնվազն երեք անգամ պաշտոնը կորցնելուց փրկվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպե՞ս է ստացվել, որ կնոջը վիրավորված պատգամավոր Կարեն Սարուխանյանը պահպանել է մանդատը և անգամ էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը չի արժանացել: Ինչպե՞ս է ստացվել, որ ՔՊ-ի մերձավոր շրջապատի ակտիվիստներին կարելի է սպառնալ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, կամ պահանջել՝ օրհասական վիճակում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից անհապաղ տեղափոխել կալանավայր:

 
 

Ինչպե՞ս է ստացվել, որ այդպես էլ անպատիժ մնացին հանրապետական պատգամավորների հեռախոսահամարները և հասցեները հանրայնացնողները և ինչո՞վ էր այդ դեպքը տարբերվում Հենրիկ Հարթենյանի դեպքից, ով ժողովրդին քսի էր տալիս Հրայր Թովմասյանի դստեր էջի վրա: Ինչպե՞ս է ստացվում, որ մշտապես ջրից չոր է դուրս գալիս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Այս ինչպեսները ունեն մեկ պատասխան. տպավորություն է, որ ՀՀԿ-ից ՔՊ-ն ժառանգել է ոչ միայն իշխանությունն ամեն գնով պահելու ցանկությունը, այլ նաև նախկին համակարգի անբաժան մաս կազմող թայֆաբազությունը…