«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:

 
 

Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝

 
 
 
  • 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,
  • Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,
     
  • Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,
  • Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),
  • Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),
  • Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),
  • Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,
     2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,
  • Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,
  • Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:

Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության:

 
 

Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:

 
 

Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»: