«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետեւած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչեւ ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսեւորումները, վկայում են Հայաստանում առկա կարեւորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երեւույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք եւ ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է:

Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի վարչապետը կարողանում է իրեն այնպիսի շռայլություններ թույլ տալ, ինչպես, օրինակ՝ 20-30 րոպե զուգարանների խնդրի մասին խոսակցությունը կամ խանութում վաճառվող թթվասերի տարայի գույնի մասին քննարկումը:

Նույն այդ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում: Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ տարածաշրջանային, արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ, տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը պարզապես չի կարող, անթույլատրելի է, որ սոցիալական ցանցում՝ Ֆեյսբուքում, անընդհատ գրառումներ կատարի, «լայվ» մտնի, փաբերում երեկոներ անցկացնի, քոմենթներ կարդա…

5STOPPED
Ահա այդ նույն երկրի վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը սատանաների հետ համագործակցողներին հայտնաբերելու հանձնարարական տալուց հետո իրեն թույլ է տալիս ոստիկանությանը հրահանգել կրկես կազմակերպել Երեւանի կենտրոնում, հետո էլ իշխանական քարոզիչներին հրահանգում է քննարկումներ ծավալել այն մասին, որ դա արել է ոստիկանությունը՝ ինքնագլուխ, ի հեճուկս վարչապետի:

Երկրում տեղի է ունենում ամեն ինչի ու բոլորի հետեւողական արժեզրկում: Արժեզրկվում են Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական կառավարման մնացած համակարգերը: Արժեզրկվում է պետությունն ընդհանուր առմամբ ու ամբողջության մեջ, որովհետեւ այն, ինչ պետության հետ անում է նրա ղեկավարը, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել:

Այսպիսով՝ մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության ու տոտալ արժեզրկման իրականությունում: Ամեն օր անհամարժեքության ցայտուն դրսեւորումներ են արձանագրվում Ագզային ժողովում, կառավարության անհամարժեքության շքահանդեսին ականատես ենք լինում կառավարության ամենշաբաթյա նիստերում կամ վարչապետի գրեթե ամենօրյա լայվերում, խոսքի ու պատասխանատվության անհամարժեքությունը հորդում է ամեն պահի՝ մամուլում, սոցիալական ցանցերում, շարքային ու բարձրաշխարհիկ զրույցներում…

7STOPPED
Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելի սուր է դառնում գլխավոր հարցը՝ իսկ որքանո՞վ է գործող իշխանությունը համարժեք մեր հասարակությանը: Ֆորմալ առումով՝ առավել քան համարժեք է, այսինքն՝ լեգիտիմ՝ ստացել է ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը:

Բայց դա եղել է ավելի քան մեկ տարի առաջ, եղել է բոլորովին այլ պայմաններում, բոլորովին այլ՝ հետհեղափոխական իրականության մեջ: Իսկ այսօր արդեն ամեն օր սրվող այդ հարցի պատասխանը չափազանց կարեւոր է՝ համարժե՞ք է արդյոք գործող իշխանությունը՝ իր այս անհամարժեքությամբ, մեր հասարակությանը:

Գուցե եւ համարժեք է: Բայց եթե դա այդպես է, նշանակում է՝ մեր խնդիրներն ավելի խորքային են ու չեն սահմանափակվում պետության հեղինակազրկմամբ ու արժեզրկմամբ: Ու եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք գործ ունենք ոչ միայն պետության վախճանի, այլ նաեւ հասարակության ախտավորման սպառնալիքի հետ:

Արժե մտածել այս մասին: Լայվերից ու «Կարգին հաղորդման» սքեթչերից ազատ ժամանակ, բնականաբար»: