Կարծում եմ՝ ՍԴ ճգնաժամը հնարավորինս շուտ պետք է հանգուցալուծել: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերվում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հարցին, նախարարը կարծիք հայտնեց, որ, եթե վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունից որևէ մեկը չօգտվի, ապա դա տրագեդիա չի համարվի:

«ՍԴ ճգնաժամի հարցը կարող է լուծվել ՍԴ փոփոխություններով, որովհետև հիմա ինչ լուծում էլ գտնենք, այդ լուծումը 100 տոկոսով չի կարող հիմք հանդիսանալ հասարակության վստահությունը վերականգնելու ամբողջ դատական համակարգի նկատմամբ: Ես համարում եմ՝ ՍԴ ճգնաժամի լուծումը համալիր Սահմանադրական բարեփոխումների արդյունքում՝ ամբողջական է ամբողջ դատական համակարգի համար: Երբ մենք խոսում ենք դատական համակարգում ճգնաժամի մասին, պետք է նաև խոսենք իրավապահ մարմիններում առկա ճգնաժամի մասին: Մեր նախանշած ռազմավարության արդյունքում կլինի ճգնաժամի լուծում և հանրության վստահության վերականգնում թե՛ դատական համակարգի, թե՛ իրավական, թե՛ պետական այլ մարմինների նկատմամբ»: