Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա աննախադեպ բանակցությունները: Աննախադեպ էին դրանք ոչ միայն տևողությամբ, այլ նաև ընդունված հայտարարությամբ: Մասնավորապես, հայտարարություն տարածեցին Մինսկի խմբի համանախագահները, հայտնելով, որ քննարկվել են ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն ուղղված քայլեր, այդ առնչությամբ 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, միաժամանակ ապագա կարգավորման սկզբունքներին եւ տարրերին առնչվող հարցեր, բովանդակային բանակցության անցնելուն ժամանակացույց եւ օրակարգ: Համանախագահները հայտնել էին միջնորդության եւ կոնֆիդենցիալության պահպանության իրենց հանձնառությունը:

Հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ է տալիս: Նախ և առաջ ուշագրավ է, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, եթե ամենաբարձր մակարդակով հանրությանը վստահեցնում են, որ որևէ համաձայնություն և պայմանավորվածություն չկա: Որո՞նք են կարգավորման սկզբունքները և տարրերը, թերևս այս դեպքում ամեն բան հասկանալի է՝ խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է՝ Սերժ Սարգսյանի թողած այն ժառանգության, որից, ըստ իր խոսքերի Փաշինյանը հրաժարվել է և առաջարկել է բանակցությունները շարունակել նոր կետից:

Նոր կետի մասին, սակայն, որևէ հիշատակում չկա, փոխարենը կա առաջին անգամ արձանագրված՝ կոնֆիդենցիալության պահպանման պահանջը, ակնհայտ է, որ նման դրույթ հայտարարության մեջ առաջարկել է մտցնել հենց հայկական կողմը, ասել է թե՝ Փաշինյանը հետագայում հնարավորություն կունենա հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ պահպանել կոնֆիդենցիալությունը և հրաժարվել բացել խաղաքարտերը, մանրամասնել բանակցությունների ընթացքից և դա նրան հնարավորություն կտա նաև ժամանակ շահել՝ առավել ևս, եթե այդ ընթացքը չբխի հայկական կողմի շահերից և չընթանա հայկական կողմի սցենարով: Շուրջ 10 ժամ տևած բանակցությունների վերաբերյալ տարածված կցկտուր հայտարարությունը և կոնֆիդենցիալության պահանջի ամրագրումը խոսում են հենց այդ մասին:

Համանախագահների հայտարարությանը զուգահեռ մեսիջներ են եկել նաև Ադրբեջանից: Մասնավորապես, Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները: Սա բացահայտ մեսիջ է , թե ինչ ուղղությամբ են այսօր ընթանում բանակցությունները: Հակառակ դեպքում ՝ Երևանում ԱՄՆ դեսպանը պարտավոր էր նույնանման հանդիպում կազմակերպել՝ Բաքվից տեղահանված հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ապրիորի ավելի շատ իրավունքներ ունեն ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու համար:

Ակնհայտ է, որ շուրջ 10 ժամ տևած հանդիպումից հետո նմանատիպ հայտարարությունների տարածումը, արևմուտքի պահվածքը վկայում է մեկ բանի մասին՝ չկա նոր կետ, ինչպես նաև չկա ՝ Հայաստանի իշխանությունների կողմից խոստացված թափանցիկությունը և հաշվետվողականությունը այս գործընթացում…