ՀՀ 2-րդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» գործը կասեցվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, գործը կասեցրել է։ Հիմքն այն է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ասում է՝ վարույթը կասեցվում է, եթե կա մեկ այլ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործ, առանց որի քննության անհնար է այս գործի քննությունը։ Հիմա դատարանն այդ հիմքում կասեցրել է»,- ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ որոշման տեքստը դեռ չեն վերլուծել, երբ վերջնական որոշում կայացնեն տեղեկություն կհաղորդեն։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 2 մլն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …»,- հայտարարել էր գործարարը: