Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ-ի աշխատակիցները պարգևատրումներ են ստացել հունվար ամսի 17 աշխատանքային օրվա համար, քանի որ այս ամիսը լի է տոնական, հետևաբար, ոչ աշխատանքային օրերով:

Ըստ փետրվարի 4-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ստորագրած կարգադրությունների, ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ ու աշխատողներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատակազմի մի շարք աշխատողներ խրախուսվել են աշխատավարձի 30%-ի միանվագ դրամական պարգևատրմամբ:

Սակայն նկատենք, որ ԱԺ-ի կայքէջում չկա տեղեկություն այն մասին, թե ընդհանուր որքան գումար է հատկացվել պարգևատրումների համար և աշխատակիցներից ով որքան գումարով է պարգևատրվել:

Նշենք՝ դեկտեմբեր ամսին ԱԺ-ում 4 անգամ պարգևատրումներ էին եղել. ԱԺ նախագահը, պատգամավորները, աշխատակազմը 2 անգամ պարգևատրվել էին աշխատավարձի 100%-ի, մեկ անգամ 30%-ի, մեկ այլ անգամ՝ 20%-ի չափով: