Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի քննադատության գլխավոր թիրախներից մեկը մշտապես եղել է ԿԸՀ անփոխարինելի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Փաշինյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, ընտրությունից ընտրություն, ինչու ոչ նաև դրանց միջև ընկած ժամանակահատվածում մեղադրել է Մուկուչյանին՝ բոլոր հնարավոր և անհնարին մեղքերի մեջ: Մուկուչյանը համարվում էր Սերժ Սարգսյանի ապօրինությունները դակողը, նրա հանցակիցը, Երրորդ հանրապետության ամենամեծ ընտրակեղծարարը, ընդդիմության հաղթանակները գողացողը:

Բոլորն էլ քաջ հիշում են Փաշինյան-Մուկուչյան հայտնի բանավեճը ԱԺ-ում, երբ պատգամավորը ԿԸՀ նախագահին համեմատեց հայտնի անեկդոտի հերոսի հետ, իսկ Մուկուչյանը ի պատասխան՝ վերհիշեց Թումանյանի տողերը Փաշինյանի տեսակի մասին: Բանավեճից հետո՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ վեճը հասավ դաստիարակության թեմային, Փաշինյանը հայտարարեց. «Երբ ես հարց տվեցի, այն էլ' փաստերով արձանագրված, Մուկուչյանն ասաց, թե ինքը դաստիարակված է եւ չի իջնի այդ մակարդակին: Այսինքն' դաստիարակությունը, Մուկուչյանի պատկերացմամբ՝ ԱԺ ամբիոնից ի լուր հանրության սուտ խոսելն է, այս իշխանության ներկայացուցիչների համար ստախոսությունը, կեղծարարությանը դաստիարակության էտալոններ են: Այսինքն, իրենց պատկերացմամբ՝ դաստիարակված մարդը ստախոս եւ կեղծարարն է»: Այն ժամանակ, դեռևս ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ, եթե խոսելու լինեն «ասմունքի մրցույթի մասին», ապա կասի, որ «Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները, բայց չէ՞ որ սա ասմունքի մրցույթ չէ»: «Եթե Տիգրան Մուկուչյանը լավ է ասմունքում, եկեք մտածենք, թե որտեղ կարելի է օգտագործել ասմունքի' նրա ընդունակությունները»,- եզրափակել էր Փաշինյանը:

Սակայն, իրավիճակը փոխվել է և նոր Հայաստանում Տիգրան Մուկուչյանը շարունակում է լինել անփոխարինելի ֆիգուր, էլ ավելի արժևորվելով՝ ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի ֆոնին: Արդյո՞ք տարակուսելի է չէ Փաշինյանի նման տրանսֆորմացիան մի մարդու հանդեպ, ով, ընդամենը, տարիներ առաջ դարի ընտրակեղծարարն էր, իսկ այսօր ոչ միայն պահպանել է պաշտոնը, այլ նաև երկու ամսից լեգիտիմացնելու է սահմանադրության կոպտագույն խախտումը: Գուցե, այսպիսով, Մուկուչյանը փոխհատուցելու է ժամանակին ընդդիմադիրներից գողացված հաղթանակների դիմաց…