Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին.

– Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց.

– Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է.

– Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.

– Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Միթե՞ կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.

– Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, Կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն).

– Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:

«Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում:

Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա: