Իրանում փետրվարի 11-ին նշվել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը: Երկրի տարբեր քաղաքներում եւ, իհարկե, մայրաքաղաք Թեհրանում անցկացվել են զանգվածային տոնական երթեր: Ավանդաբար իրանցիները երթի ընթացքում վանկարկում են «Մահ Ամերիկային» կարգախոսը: Մինչդեռ երթի մասնակիցներից մեկն այդ արտահայտության փոխարեն բացականչել է «Մահ Հայաստանին» կարգախոսը:

Ինչպես հաղորդում է «Ինֆոտեկա24»-ը, ակներեւ է, որ իրանցի թյուրքը մտադրվել էր ինչ-որ սադրանք գործել, սակայն նա չի համարձակվել երկար ցուցադրել իրեն, քանի որ, լսելով այդ խոսքերը, իրանցիներն, ամենայն հավանականությամբ, ֆաշիստին ցույց կտային իր իսկական «տեղը»: Բոլորին է հայտնի, որ Իրանում հայերն առանձնահատուկ, ջերմ ու հարգալից վերաբերմունք են վայելում ոչ միայն բնակչության, այլեւ Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից:

Հայաստանը միշտ էլ միջազգային հարթակներում հարեւան Իրանին աջակցել է նրա համար դժվարին իրավիճակներում, եւ Իրանը պատասխանել է երախտագիտությամբ ու փոխադարձ օգնությամբ, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի թյուրքական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին:

Ադրբեջանցի անջատականները՝ պանթյուրքական գաղափարախոսության կրողները, քիչ խնդիրներ չեն ստեղծում Իրանի համար՝ թշնամության ու ատելության մթնոլորտ բորբոքելով Իրանի ժողովրդի ու իշխանությունների նկատմամբ եւ սպառնալով երկրի անվտանգությանը:

«Վստահ ենք, որ հայատյացության նման դրսեւորումն Իրանի մայրաքաղաքում չպետք Է անպատիժ մնա, եւ երկրի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն ադրբեջանցի սադրիչով»,-գրում է աղբյուրը: