Մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ: Նախաձեռնությանը միացել են 61 իրավաբան:

Այսօր նախաձեռնող խումբը անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Նախաձեռնության միանալը՝ որպես մասնագետի, որպես իրավաբանի, իմ դիրքորոշումն է: Սա ոչ թե քաղաքական հարթակ է, այլ զուտ մասնագիտական, իրավական հարթակ է, որին ես հաճույքով միացա»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց, որ իր կարծիքով՝ այս ձևով, այս տեսքով և այս ընթացակարգով Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարել չի կարելի:

Աթանեսյանի խոսքով, դասական իմաստով իրենք քարոզարշավ չեն ունենալու, բայց շփվելու են մամուլի հետ՝ ներկայացնելով իրենց տեսակետը:

«Որպես իրավաբաններ, մենք բոլորս համակարծիք ենք, որ գոյություն ունի իրավունքի և օրինականության հիմնարար սկզբունքներ և մոտեցումներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի խախտել, քանի որ դրանց հետևանքները լինում են շատ վտանգավոր՝ խախտվում է երկրի իրավական անվտանգությունը կամ ականներ են հայտնվում Սահմանադրական կարգի տակ, որը շատ վտանգավոր է: Դա կարող է անդրադառնալ և անդրադառնում է հասարակության բոլոր շերտերի կյանքին»,-ընդգծեց նա:

Աթանեսյանն ասաց, որ իրենք՝ որպես մասնագետներ, այդ վտանգները տեսնում են և իրենց պարտքն ենք համարում դա հաղորդել ժողովրդին: