Արդեն տեղեկացրել էինք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը: Այսօր 61 իրավաբաններից կազմված խումբը, քաղաքացիական նախաձեռնությամբ դիմեց ԿԸՀ, որպեսզի պաշտոնապես գրանցվի որպես «ՈՉ»-ի կողմ: ԼՈՒՐԵՐ.com-ի  թղթակիցը զրուցեց նախաձեռնության անդամ, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ  կարևորություն և շարժառիթներ ունի նախաձեռնությունը:

«Այն ամենը, ինչ այսօր արվում է իշխող ուժի կողմից, ամբողջությամբ հակասահմանադրական գործընթաց է: Մեր նպատակն է հարթակ ստեղծել, որպեսզի հակասահմանադրական գործընթացով պայմանավորված՝ բոլոր քայլերը պարբերաբար բարձրաձայնվեն, ինչպես նաև՝ իրավաբանական-փաստաբանական համայնքի մտահոգություները բարձրաձայնվեն»,- ասաց նա:

 

Փաստաբանը  նշեց, որ այս տարբերակով  իրենք հարթակ են նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են գործընթացով և ցանկանում են բարձրաձայնել դա. «Ընդ որում, մտահոգություններ կարող են լինել նաև հանրաքվեի ընթացքում: Մենք նաև հարթակ ենք պրոցեսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում»:

 
 

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ արդյունքներ կունենան. «Մեր նպատակն է՝ ցանկացած ձևաչափով  «այո»-ից տարբերվող կարծիք ունեցող բոլոր մարդկանց կարծիքներն ու մտահոգություները բարձրաձայնելը, ուստի, ստեղծվեց այս հարթակը: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս «իրավական» գործընթացը, որը նախաձեռնվել է, հակասահմանադրական է, կարող են ներկայացնել իրենց մտահոգությունները, բարձրաձայնել»: