Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց բանակում տիրող իրավիճակի, դրա կարգավորման և արցախյան նախագահական ընտրություների մասին:

-Տարին նոր է սկսվել, բայց Արցախում արդեն ունենք 13 զոհ, որոնցից ոչ մեկը չի զոհվել թշնամու կրակոցից: Ձեր կարծիքով, բանակն այսօր ի՞նչ խնդիր ունի և որո՞նք են դրա կարգավորման տարբերակները:

-Ցավոք, այս դեպքերը նորություն չեն: Մեր բանակի ստեղծման հենց սկզբից եղել են նման դեպքեր, որոնց համար բոլորս շատ ցավում ենք: Սակայն, վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես՝ մեկուկես-երկու տարում այն, ինչ կատարվում է մեր հասարակության մեջ սկսել է արտացոլվել բանակում: Մեր հասարակության սևն ու սպիտակը հասել է բանակ: Կարծում եմ՝ նախ հասարակությունը պետք է առողջանա, որպեսզի բանակը կայուն և առողջ լինի:

-Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում չբացառեց, որ բանակում կլինեն պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: Շատ չանցած՝ ականատես եղանք դրան: Ի՞նչ եք կարծում՝ դա կարո՞ղ է նպաստել իրավիճակի բարելավմանը:

-Ոչ, չեմ կարծում: Պարզապես վարչապետը ցանկանում է իր մարդկանց նշանակել: Բոլոր աթողներին, ամեն տեղ ուզում է իր մարդկանց տեսնել: Այդ փոփոխությունների մեջ օգտակար ոչինչ չկա: Վարչապետն ուզում է, որ իշխանության բոլոր լծակներում իր մարդիկ լինեն:

-Դուք կարծում եք, որ խնդիրը սպայական կա՞զմը չէ:

-Մեր սպայական կազմը շատ բարձրակարգ է: Եկեք չմոռանանք՝ նրանք երկիր են պահել: Բոլորը փորձառու զինվորականներ են և նրանցից ոչ ոք իր կոչումը հենց այնպես չի ստացել և ամենակարևորը՝ նրանք հայրենասեր են: Խնդիրն ուրիշ տեղ է: Վարչապետն, առիթից օգտվելով, փորձում է ամեն տեղ իր մարդկանց ունենալ, ովքեր ենթակա կլինեն իրեն:

-2020 թվականի մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ կընտրվի նախագահ և դրանից կախված՝ կփոխվեն արդյոք Հայաստան-Արցախ հարաբերություները:

-Անկեղծ՝ չգիտեմ, թե ով կընտրվի: Ամեն մարդ էլ ունի իր նախընտրած թեկնածուն: Մի բան ակնհայտ է: Մոտ երկու տարի առաջ եղավ իշխանազավթում մեր երկրում, որը կոչեցին հեղափոխություն: Այդ զավեշտը ուզում են փոխանցել Արցախ: Ամեն ջանք ու ճիգ գործադրում են, որպեսզի Հայաստանում տիրող զավեշտալի վիճակը տեղափոխեն Արցախ, իսկ եթե փոխադրվեց՝ մենք կկորցնենք Արցախը, մեր հաղթանակը: Մեր տարիների պայքարը, մեր կռիվը ջուրը կընկնի:

Լուսինե Մարդոյան