Հանրապետական կուսակցության Արարատի մարզային կանանց խորհրդի ղեկավար, Արարատի ԲԿ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանը բողոքել է, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի երեսից իրենց թեկնածուն խորհրդարանի ընտրությանն անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքեց, նույնը եւ՝ նախագահի ընտրությանը:
Արարատի քաղաքապետը քաղաքի մանկապարտեզը, պատկերասրահը եւ այլ հանրային օբյեկտներ սեփականաշնորհել է տիկին Սոնայի ամուսնու անունով, ով աշխատում է քաղաքապետարանում, այնուհետեւ վաճառել դրանք: Սակայն, տիկին Սոնայի ընտանիքը այդ գումարներից ոչինչ չի ստացել: Երբ տիկին Սոնան հաշիվ է պահանջել Բաբայանից, վերջինս արդարացել է, որ այդ ամենն արել է նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի գիտությամբ. հո փողը գրպանս չեմ դրել, ասել է Բաբայանը եւ ավելացրել՝ գնաց էլ՝ դրանից չպրծանք: Իսկ տիկին Սոնան Բաբայանին սպառնացել է, որ կտկլորացնի նրան ու կվռնդի քաղաքից:
Սոնա Պողոսյանն, ի դեպ, մարդասիրական քայլ է արել մարզի՝ ընտրություններին «լավ աշխատած» ՀՀԿ-ականների հանդեպ. նրանց ախտորոշում են անվճար, իր տնօրինած կենտրոնում: